Քրդերը ինչպես որ միասնական չեն և բաժանված են բազմաթիվ ցեղերի, այնպես էլ չունեն միասնական լեզու». Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատված քրդերի մասին իմ աշխատությունից, որի վրա աշխատում եմ դեռևս 2015թ.-ից:
Որոշ ուսումնասիրողներ միշտ փորձել են կապ տեսնել հայկական մարդիկ՝ մարդեր ցեղի և քրդերի միջև, հիմնավորումն էլ միայն անուններն էին:
Քրդերը իրանալեզու ցեղերի ու ցեղային միությունների ամբողջություն են, որոնք բնակվում են մեծամասամբ Զագրոսի լեռների հյուսիսային և կենտրոնական հատվածներում, Հայկական լեռնաշխարհում և Հյուսիսային Միջագետքում։ Քրդերի մեծ մասը սուննի մահմեդականներ են, սակայն կան նաև շիաներ, ալևիտներ, եզդիականներ ու քրիստոնյաներ։ Քրդերը տարածաշրջանում եկվոր չեն․ նրանք տեղաբնիկ են և ծագել են Մարաստանի կուրթիական ցեղերից։ Սա իմ համոզմունքն է: Ժամանակի ընթացքում այս ցեղերը բնակվել են Իրանական սարահարթում, Հայկական լեռնաշխարհում, Փոքր Ասիայում և Միջագետքում։ Մինչև միջնադար քուրդ անվանում և չի եղել էթնիկ ցեղերի հավաքական անվանում, այլ նշանակել է քոչվոր անասնապահ, շատ պատմիչների մոտ նույնիսկ այն նշանակել է ավազակ: Դեռևս մինչև 17-րդ դար իրանալեզու գրեթե բոլոր քոչվոր անասնապահ ցեղերին, որոնք տեղաշարժվում էին Իրանական սարահարթի արևմտյան հատվածով, Հայկական լեռնաշխարհով, անվանում էին քուրդ:
Քրդերը ինչպես որ միասնական չեն և բաժանված են բազմաթիվ ցեղերի, այնպես էլ չունեն միասնական լեզու: Նրանք խոսում են կուրմանջի, զազակի, սորանի, լեկի, կելխուրի, հորանի, ավրոմանի, ֆեյլի և այլ բարբառներով:
Ինչպես որ այդ ցեղերին են ընդհանրական անվանում քուրդ, այնպես էլ միմյանցից տարբերվող, անգամ միմյանց համար չհասկացվող քրդերի լեզուն ընդհանրական անվանում են քրդերեն:
Կուրմանջի.
Այս խումբը, կամ ցեղը թերևս վերցեղային ամենաբարձր ինքնագիտակցություն ունեցող հիմնական խումբն է: Այն նաև բավկանին մոտ է քուրդ անվանման սոցիալական իմասին: Քրդական խմբերից ամենամեծն է, բնակվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում (հիմնականում) :
Սորանի.
Բնակվում են ներկայիս Իրանում և Իրանական սարահարթում, վերցեղային խումբ է:
Կելխուրի.
Բնակվում են ներկայիս Իրաքի տարածքում և այդ տարածքում բնակվող քրդերի վերցեղային խումբ է:
Զազաց.
Այ այս խմբի մասին կուզեմ մի քիչ երկար խոսել:
Բնակվում են Սիրիայի տարածքում: Կա կարծիք , որ այս վերցեղային խմբի մոտ 30 տոկոսը հայեր են: Այս ցեղախումբում հայերի առկայությունը բացատրվում է ցեղասպանության գործոնով: Զազաների բարբառը, կամ այդ լեզվում օգտագորխվող շատ բառեր, եզրույթներ շատ ավելի մոտ է հայերենին, կենցաղային վարվելակերպը նույնպես նմանանություն ունի հայերի հետ: Հատկապես խոսքը գնում է Սիրիայում բնակվող Զազաների մասին, իսկ ահա Թուրքիայում բնակվող Զազաները բավականին տարբերվում են սիրիաբնակներից և ավելի մոտ են թուրքական քաղաքակրթությանը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ՝ «Ժողովրդա-հանրապետական» , ղեկավար Քեմալ Քալիչդաօղլուն զազա է:
Ժամանակակից Թուրքիայի տարածքում են բնակվում քրդական բնակչության ամենաստվար զանգվածն, ինչպես նաև տարածքային առումով ամենաշատ տարածք զբաղեցնող հատվածն է: Թուրքիայի հարավ-արևելյան, արևելյան շրջանները և հատկապես Վանա լճի ավազանն ու Դիարբեքիրի շրջակայքը քրդերը կազմում են բնակչության բացարձակ մեծամասնություն։ Թուրքիայի բնակչության մոտ 25 տոկոսը տարբեր ցեղային պատկանելություն ունեցող քրդեր են։ Քրդերը Թուրքիայում առավել անգրագետ, հետամնաց ու խնդրահարույց էթնիկական խումբն են։ Թուրքաբնակ քրդերին հատուկ է տոհմացեղային հարաբերությունների քայքայումը, որը կատարվում է թուրքական կառավարության վարած քաղաքականության հետևանքով: 1978 թվականին ստեղծված «Քրդստանի Բանվորական կուսակցությունը» (PKK) 1984-ին պատերազմ է հայտարարել Թուրքիայի իշխանություններին, որն ընթանում է մինչ օրս: PKK-ի պահանջները բավականին փոփոխական են և խնդրահարույց հենց քրդերի շրջանում, նույնիսկ ժամանակ առ ժամանակ անգամ հակասում են իրար: PKK-ն մեկ Թուրքիայի կազմում ինքնավարություն է պահանջում, մեկ լիակատար անկախություն, մեկ միասնական Քրդստանի պահանջ է դնում։ Սա վկայում է շարժման գաղափարական չկայացվածության և շարժման մեջ քրդական ցեղերի անհամաձայնության, դերակատարության անհամաձայնության մասին։ Թուրքիան այս կառույցը ճանաչել է որպես ահաբեկչ ական կառույց և միջազգային կառույցներից նույնպես պահանջում է, որպեսզի այն ճանաչեն ահաբեկչական: Քրդական բնակչության հետևողական բռնաճնշումը դարձել է թուրքական իշխանությունների քաղաքականությունը և դա արվում է հենց PKK-ին ճնշելու քողի տակ: Թուրքիան անգամ մի որոշ շրջանում արգելեց քրդերենը, այժմ դասագրքերից վերացվել է «քուրդ» բառը, որը փոխարինվել է «լեռնային թուրք» անվանումը: Քրդերը այժմ ,ինչպես 20-րդ դարասկզբին, ենթարկվում են , այսպես ասած, ներքին գաղթի: Թուրքական իշխանությունը փորձում է հատկապես արևելյան նահանգներից հեռացնել քրդական բնակչությունը, նրանց փոխարինելով Նախիջևանից գաղթած ադրբեջանցիներով»:
