Մենք ընդամենը փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում լինել իշխանությունների և զինվորի կողքին․ Սամվել Սարգսյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին այցելել է Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակ եւ ծանոթացել հրապարակին հարակից փողոցներում իրականացվող շենքերի բարեկարգման աշխատանքներին: Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ մայրաքաղաքի բարեկարգումը կրելու է շարունակական բնույթ՝ երախտագիտություն հայտնելով այս գործընթացում ներգրավված բարերարներին: Նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: Նախագահի հետ Ազատության հրապարակում էր նաև գործարար Սամել Սարգսյանը, ով պատմել է Արցախի հետ ամուր կապի, հետագա ծրագրերի մասին և մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի արտաքին հարդարման աշխատանքների նախաձեռնման մասին։ «Նախաձեռնությունը Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանինն էր»- նշեց գործարարը։ Ըստ Սամվել Սարգսյանի՝ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ իր հնարավորության սահմաններում պետք է ինչ-որ բան անի Արցախի համար, թեկուզ այցելությունով, կամ սրճարանում սուրճ խմելով, որպեսզի հասկանա թե ինչ ժողովուրդ է ապրում Արցախում։ «Այն ինչ արվում է իմ և իմ ընկերների կողմից, դա շատ փոքրիկ ինչ որ մի մասնիկ է ընդհանուր խնդիրները լուծելու գործում։ Արցախում հիմնական գործը իշխանությունները և բանակն են անում, մենք ընդամենը փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում լինել իշխանությունների և զինվորի կողքին», - հավելեց գործարարը։
