Այս շրջանում ունենք բացառիկ հնարավորություն՝ անելու առողջապահական ապահովագրություն՝ օգտագործելով հարկերի իջեցումից առաջացած ռեսուրսը. Արա Բաբլոյան
ԱԺ սոցիալական և ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի» քննարկմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկում է վարչապետի պաշտոնակատարի հայտարարած եկամտահարկի դրույքաչափերի 5%-ով իջեցման մի մասն ուղղել առողջապահական ապահովագրության ստեղծմանը:
«Չե՞ք կարծում, որ հարկի իջեցման պարագայում երկու տոկոսը կարելի է ուղղորդել առողջության ապահովության ստեղծմանը: Այսինքն, ում, որ ուզում ենք աշխատավարձ բարձրացնել հինգ տոկոսով, դրանից երկու տոկոսն ուղղորդենք բազային առումով նրանց առողջության պահպանմանը»,-ասաց նա:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ նախ և առաջ պետք է որոշակիացնեն նպատակները, հետո գտնեն դրանց հասնելու լավագույն ճանապարհը: «Եթե աշխատավարձը միջոցներից մեկն է, այդ ճանապարհով գնանք, մենք դրանով ռիսկ ենք առաջացնում, որ մարդիկ կարող է կրճատվեն, մենք ենթադրում ենք, որ եթե արդյունավետության մասին է խոսքը, պետք է առաջնորդվենք նպատակին լավագույնս հասնելու մոտեցմամբ, ոչ թե սոցիալական խնդիր լուծելով»,-ասաց նա:
Ըստ Ջանջուղազյանի՝ քննարկման հարց է եկամտահարկի դրույքաչափի իջեցումը կապել նրա հետ, որ աշխատող խմբին պետք է առողջապահական ծառայություններ մատուցվի: «Որոշելու հարց է, թե այլ հավասար պայմանների դեպքում մենք այդ միջոցներն արդյոք կուղղեինք հենց այդ խմբի համար անվճար առողջապահական ծառայություններ մատուցելուն: Մեզ թվում է՝ չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար արդեն բավարար չափով լուծված են հարցերը, և մեզ համար որպես թիրախ պետք է վերցնենք վարձու աշխատողներին»,-նկատեց նա:
