Հույս ունեմ` հաջորդ խորհրդարանը կանդրադառնա ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված խոսակցության խնդրին. Գևորգ Կոստանյան
Ես հույս ունեմ, որ հաջորդ պառլամենտը ևս կանդրադառանա ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազանգի գաղտնալսման խնդրին. Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Կոսռտանյանը համոզմունք հայտնեց, որ հաջորդ Ազգային ժողովում ևս կստեղծվի քննիչ հանձնաժողով, որպեսզի այս հարցերին կարողանան տալ սպառիչ, ամփոփ պատասխան: «Բացի այդ, քանի որ հարցը վերաբերում է նաև դատարանի գործունեության միջամտության հնարավոր դրսևորումներին ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե որ ուժերը ներգրավված կլինեն պառլամենտում, այդ ուժերը ևս շահագրգռված են լինելու, որպեսզի հստակ և ամբողջական պատկերացում ունենան՝ արդյոք մեր երկրում դատարանների անկախության միջամտության հնարավորություններն առկա են»։
Կոստանյանը հանձնաժողովը լուծարված չի համարում: Նա պարզաբանեց. «Քննիչ հանձնաժողովը ֆորմալ տեսանկյունից դեռևս լուծարված չի և լիազորությունները շարունակվում են նախքան այս խորհրդարանի լուծարումը, իսկ նիստեր չեն գումարվում, քանի որ քվերում չկա: Քվորում ապահովելու համար հանձնաժողովի վեց անդամ առնվազն պետք է ներկա լինեն նիստերին: Բայց հանձնաժողովի 12 անդաներից առնվազն 10-ը ներգրավված են ընտրական գործընթացներում, այդ թվում՝ ռեյտինգայինով առաջադրված են, ուստի նրանց մասնակցությունը գործնականում անհնար է»:
Միաժամանակ նա նշեց, որ նրանց բացակայությունն օբյետկիվ է: «Ճիշտ է, նախընտրական քարոզչությունը չի սկսվել, բայց նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում այդ պատգամավորները: Պարզ է, եթե քվորում չկա, ես մենակ որևէ բան չեմ կարող անել»,–ասաց նա:
Կոստանյանը հայտնեց, որ ձեռք չեն բերել բավարարար չափով տեղեկություններ ու փաստեր, որպեսզի վերջնական եզրակացություն անեն:
