Երեւանի դատախազը ոստիկանությանը հանձնարարել է ստուգել Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները
Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ստուգել ՀՀԿ–ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները։ «Երեւան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու եւ իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները: Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները»,– այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ նախօրեին լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը մասնավորապես ասել էր. «Մոտենում են իմ ընկերներին, որոնք հանդգնում են գալ իմ շտաբ, երեւի դրսում ԱԱԾ-ից մարդ կա, տեսնում են՝ ով է գալիս, հետո մոտենում են, ասում են՝ քեզ պե՞տք է, բա չես վախենում, որ գործից կհանեն եւ այլն: Հուշում են, որ չգան: Ի՞նչ է նշանակում մոտենալ իմ ընկերոջը, որ իմ նախընտրական ենթաշտաբների պետերից մեկն է, ու ասել, որ այլեւս չգա: Ի՞նչ է սա նշանակում»: