Տավուշի 27-ամյա բնակիչը կալանավորվել է Բերդում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով
Տավուշի մարզի Բերդ քաղաքում մոր և որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի 27-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն տան երկու բնակիչների, ովքեր ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են: Նախաքննությամբ պարզվել է, որ վերջիններս մայր և որդի են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն):
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Բերդ քաղաքի բնակիչներին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Տավուշի մարզի` 1991 թվականին ծնված բնակիչը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։
Նշանակվել են դատաձեռագրաբանական, դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։