Երևանի կենտրոնում. Mercedes-ի վարորդը չկարողացավ խույս տալ կարմիր բերետներից. նա փախուստի ժամանակ վնասել է ոստիկանական ավտոմեքենան
Այսօր՝ հունվարի 7-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Mercedes Տ-500 մակնիշի 01 VL 777 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գիշերային ծառայության ժամանակ Երևանի ՃՈ ոստիկանները նկատել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը Կենտրոն վարչական շրջանում մեքենան վարում է խախտումներով և օրինական ճանապարհով փորձել են կանգնեցնել նրան, սակայն վարորդը չենթարկվելով ճանապարհային ոստիկանների «Օրինական կանգառ» ազդանշաններին, գող կատվի նման դիմել է փախուստի:
ՃՈ ծառայողները օգնության են դիմում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ ճանապարհային երթևեկությունը չարամտորեն խախտող Mercedes-ի վարորդի դեմն առնելու համար ՃՈ ծառայողներին օգնության են հասնում կարմիր բերետները: Օրինախախտ վարորդը կարմիր բերետներին էլ չի ենթարկվում ու քաղաքի կենտրոնում սկսվում է հետապնդումը: Ի վերջո, Սայաթ-Նովա պողոտայում կարմիր բերետներին հաջողվում է շուրջկալի արդյունքում Mercedes-ն արգելափակել, սակայն Mercedes-ի վարորդը հասցնում է ավտոմեքենայով հարվածել ու վնասել ոստիկանական ավտոմեքենան: Ինչպես հայտնում է աղբյուրը, պարզվում է, որ մեքենան վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան փողոցի բնակիչ, 36-ամյա Գեղամ Երիցյանը, ում նկատմամբ կարմիր բերետները իրականացնում են «ասֆալտին փռեմ» օպերացիան, որից հետո նա ենթարկվում է սթափության փորձաքննության. պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: