Ողբերգական դեպք Շուշիում․ փրկարարները բնակարանում հայտնաբերել են երիտասարդ ամուսինների եւ նրանց երեխայի դիերը
Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 19:05-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարարական մասի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել են ամուսիններ Ս. Մ.-ի (ծնվ. 1986 թ.) և Ա. Ա.-ի (ծնվ. 1990 թ.), ինչպես նաև նրանց որդու՝ Ժ. Մ.-ի (ծնվ. 2014 թ.) դիերը:
Բնակարանում հայտնաբերված մյուս երեխան՝ Ն. Մ.-ն (ծնվ. 2011 թ.) շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը ծանր է: Պատահարի հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
«Արցախպրեսի» նախնական տեղեկություններով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել շմոլ գազից թունավորման հետևանքով: