Ինքնասպանություն Լոռու մարզում. հայտնաբերվել է երկտող. «Այսպես անհնար է աշխատել և ապրել. կթաղեք հորս կողքի գերեզմանում»
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Շնող գյուղի բնակիչ Կորյուն Շադինյանի կողմից, ով հայտնել է, որ նույն համայնքի «Մութ Ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում՝ սալորենու ծառից տղամարդու դի է կախված։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արշակ Թումանյանն էր, ով ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել։Ոստիկաններն ու քննիչները այգում՝ սեղանի վրա, հայտնաբերել են նաև նամակ, որում գրված է. «Խնդրում եմ՝ ների ընտանիքս։ Տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, այսպես անհնար է աշխատել և ապրել, կթաղեք հորս կողքի գերեզմանում»։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս, այլ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական՝ պարզելու համար՝ արդյո՞ք նամակի հեղինակը մահացածն է եղել։