Վիճաբանություն-կրակոցներ Երևանում. Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կռվի մասնակիցներին և ատրճանակը, դեպքի վայրում էլ՝ կրակված պարկուճները
Երեկ՝ հունվարի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցի 3-րդ շենքի բակում վիճաբանություն է, որի ժամանակ հնչել են կրակոցներ և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 13։30-ի սահմաններում նշված շենքի բակում մի քանի ավտոմեքենաների կայանելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Վաղարշյան փողոցի 1-ին շենքի բնակիչներ՝ 53-ամյա Դավիթ Բրուտյանի, 25-ամյա Արման Բրուտյանի, 74-ամյա Սպարտակ Սարգսյանի, 48-ամյա Արթուր Սարգսյանի և Արամ Սարգսյանի միջև, որի ժամանակ փոխադարձ հնչեցվել են հայհոյանքներ և կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել հասարակության նկատմամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Դ. Բրուտյանը ձեռքին եղած դանակով փոխադարձաբար հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Արթուր Սարգսյանը «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակով կրակոցներ է արձակել։
Արաբկիրի ոստիկանները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են կրակված 2 պարկուճ։
Կռվի մասնակիցներից որոշ անձինք Արաբկիրի ոստիկանների կողմից բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություններ տալուց հետո բաց են թողնվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: