Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ ԱԱԾ-ին և ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեմ է Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը նախարարությունների կարգավիճակ տալուն, քանի որ այդ կառույցները չպետք է քաղաքական լինեն: «Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին նախարարության կարգավիճակ տալը և կրկին քաղաքականացնելը: Վերջին տարիներին մեր ունեցած քաղաքական ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը հենց այս կառույցներն ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը: Վստահ եմ, որ այս կարգավիճակն իրենք պետք է շարունակեն պահպանել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը: Ինչ վերաբերում է այս կառույցների նկատմամբ վերահսկողությանը, ԱԺ նախագահը նկատեց, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, բացի ապաքաղաքականացվելուց, նաև դուրս են եկել հանրության տեսադաշտից և վերահսկողությունից:
«Կարծում եմ՝ մենք հիմա պետք է քայլեր անենք այս իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ոչ նախարարության կարգավիճակ տալով: Վերահսկողության մեխանիզմները բազմաթիվ են՝ գերատեսչությունների ղեկավարներին խորհրդարան բերելու, պատգամավորների հետ հանդիպումներ կազմակերպելու ձևով և այլն: Այդ գործիքները մինչև հիմա էլ եղել են, բայց նաև կարող ենք զարգացնել»,- ասաց նա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից ԱԺ-ին փոխանցելու առաջարկի մասով Արարատ Միրզոյանը նշեց, որ լուծում կարող է լինել, որ Ոստիկանությունը վարչապետի ենթակայությունից բերվի կառավարության ենթակայության տակ, բայց ԱԱԾ-ն պետք է մնա վարչապետի ուղղակի ենթակայության տակ: «Չափազանց սպեցիֆիկ կառույց է ԱԱԾ-ն: Գործադիրում այս ամիսներին իմ ունեցած փորձից եմ եկել այս եզրահանգմանը: Իսկ ոստիկանությունը հանգիստ կարող է լինել կառավարությանն առընթեր»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը օրենսդիր կարող է բերվել հենց առաջին նստաշրջանում: Մենք ինտենսիվորեն և՛ գործադիրում, և՛ գործադիր-օրենսդիր ֆորմատով ենք քննարկում ենք կառուցվածքի հարցը: Այս պահին վերջնական որոշում իսկապես չկա: Տպավորությունս քննարկումներից այն է, որ մենք այնուամենայնիվ առաջին նստաշրջանում կբերենք կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, բայց չեմ բացառում, որ նաև չբերենք»,- ասաց նա:
