Էջմիածնում 40-ամյա տղամարդը կնոջը մեղադրել է դավաճանության մեջ ու դաժանաբար ծեծել նրան. Կինը ծանր վնասվածք է ստացել
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները եւ շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակիչը կնոջը մեղադրել է դավաճանության մեջ, վիճել նրա հետ եւ բռունցքներով ու ոտքերով հարվածելով՝ պատճառել մարմնական ծանր վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է եւ կիրառվել գրավ: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: