Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կկարողանան ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
Ըստ նախագծի արձանագրության՝ բացառիկ դեպքերը հետևյալներն են.
Մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:
Սպորտի բնագավառում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառում քաղաքացու կողմից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները:
Գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:
