Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, 7 կմ ոտքով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ձնահյուսքի մեջ հայտնված Ֆրանսիայի 5 քաղաքացիներին. աշխատանքներին ներգրավվել է ՀՀ ՊՆ ուղղաթիռը
Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, ջոկատի պետ Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ, Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզի Արզականի անտառապետ Միքայել Արշամյանի և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Արզականի վարչական տարածքում գտնվող «Մամադալի» կոչվող անտառային հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում՝ հայտնաբերելու համար անտառում մոլորված Ֆրանսիայի Հանրապետության 5 քաղաքացիների։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները 7 կմ-ից ավելի ոտքով անցել են նշված հատվածը, որը շատ դժվարանցանելի է եղել, և ձյան բարձրությունը հասնում է մինչև 2.5-3 մետրի, և որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են կորածներին։
Ըստ մոլորվածների ահազանգի՝ նրանցից մեկը մահացած է, սակայն դա պարզ կլինի քիչ ուշ։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի միջնորդությամբ որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև ՀՀ ՊՆ ուղղաթիռ, որն արդեն դեպքի վայրում հայտնաբերել է փրկարարներին և մոլորվածներին և հիմա փորձում է հարմար դիրք գտնել, որպեսզի կարողանա մոտենալ նրանց, ինչից հետո մոլորվածներին ուղղաթիռով պետք է տեղափոխեն անվտանգ վայր, իսկ հետո արդեն փրկարարները նորից այդ 7 կմ-անոց ճանապարհը ոտքով պետք է վերադառնան և միանան ջոկատին։
Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Հրազդանի պահպանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ուժեղ սառնամանիքը նույնպես խոչընդոտում է փրկարարների աշխատանքներին։
Քիչ առաջ դեպքի վայրից ռադիոկապով Հ. Նաղդալյանին զեկուցեցին, որ չորսի վիճակը կայուն է, մեկն էլ սառած է և կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս, և նրան տեղում փրկարարները օգնություն են ցուցաբերում, և ուղղաթիռը տեղափոխելու է մոտակա հիվանդանոցներից մեկը։