10 րոպե տարբերությամբ զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. դեպքի վայր են ժամանել մարզի և տարածքի ոստիկանապետերը
Երեկ՝ փետրվարի 27-ին, 10 րոպե տարբերությամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Ա. Գ.-ն ահազանգել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ Մյասնիկյան փողոցի վրա գործող խանութ է մտել մի մարդ և սպառնալիքի տակ իրենից պահանջել 40 հազար դրամ:
Այդ քաղաքացին դիմադրություն ցույց տալով, դիմել է փախուստի, երբ խանութի աշխատակիցը փորձել է վնասազերծել նրան:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Բադալյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը մտել է նշված խանութ և ատրճանակի նմանվող առարկայով սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին և պահանջել գումար: Ստանալով գումարը՝ դիմել է փախուստի:
Մինչ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գործողություններ էին կատարում, հերթական ահազանգն է ստացվել Արտաշատի ոստիկանության բաժին, որ Արտաշատ քաղաղքի Մարքսի փողոցում գործող մթերային խանութ է մտել մի քաղաքացի և ատրճանակի սպառնալիքի տակ աշխատակցից պահանջել գումար և նրա ձեռքին եղած ոսկյա զարդերը:
Մերժում ստանալուց հետո այդ քաղացքին գումարը հափշտակել և դիմել է փախուստի:
Նշված վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: 2 փաստերի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ 2 դեպքերն էլ կատարած լինի նույն անձը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունները բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: