2018-ին պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների ունեցած շուրջ 470 միլիոն դրամի պարտավորություն է կատարվել. Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հարցադրումներով 2018թ. աշխատանքի ծրագրի շրջանակներում երեք հիմնական ուղղություններով ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, վերջինիս համակարգում գործող մարմինների և կազմակերպությունների հարուցած կամ նրանց դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
1. Մասնավորապես ուսումնասիրվել է ընդերքօգտագործողների կողմից 2013-2016թթ. ընթացքում ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրքի վճարման գործընթացը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ ընդերքօգտագործող թվով 60 տնտեսվարող սուբյեկտներ պետական տուրքի վճարման գծով ունեցել են ընդհանուր շուրջ 300 մլն ՀՀ դրամի չափով պարտավորություն: Նշված տնտեսվարող սուբյեկտներից 37-ը ճանաչվել են սնանկ, 3 տնտեսվարող սուբյեկտի սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննությունը գտնվում է ընթացքի մեջ, իսկ 3 տնտեսվարող սուբյեկտ լուծարվել է՝ ունենալով պետական տուրքի վճարման գծով պարտավորություններ:
Ընդերքօգտագործման պայմանագրեր կնքած և պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտներից ոչ մեկը սահմանված կարգով չի զրկվել ընդերքօգտագործման թույլտվությունից, չնայած՝ համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի և ընդերքօգտագործման պայմանագրերի՝ ընդերքօգտագործողի կողմից օրենքով և պայմանագրով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում այդ սուբյեկտին տրվում է զգուշացում, որից հետո 90 օրվա մեջ խախտումը չվերացնելու դեպքում լուծվում է ընդերքօգտագործման պայմանագիրը: