«Ալիկը փորձում է ջրից չոր դուրս գալ, բայց մեկ է չի ստացվելու.նախկին պաշտոնյաները, ովքեր խլեցին իմ բաժնեմասը՝ պատասխան կտան»
Դեռեւս նախորդ տարվա օգոստոս ամսին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ, և որոշում է կայացվել գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։
Մասնավորապես, «Ավազահատիկ» ընկերության տնօրենը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործ, եւ պարզվել, որ 2000 թվականին հիմնադրված ընկերությունն Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում. բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, այդ թվում նաեւ Ալիկ Սարգսյանի անունը։
Քննչական կոմիտեն հայտնել էր` քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ, որոշում է կայացվել քրեական գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։
«Խլած երեսուն տոկոս բաժնեմասը գրանցել է ոչ թե իր` այլ, իր եղբոր աներձագի անունով»
Իսկ թե այս պահին, ի՞նչ ընթացքի մեջ է սույն գործով քննությունը, եւ թե ի՞նչ զարգացումներ կարող են լինել վերոնշյալ գործով, փորձեցինք պարզել «Ավազահատիկ» ՍՊԸ հիմնադիր, քառասուն տոկոս բաժնեմասի սեփականատեր Գեւորգ Գեւորգյանից, ով Fnews.am-ի հետ զրույցում, թեեւ շատ փակագծեր դեռեւս չցանկացավ բացել, բայց այնուամենայինվ նշեց.
-Այն, որ գործը տեղից շարժվում է` դա միանշանակ է.փաստերը չափազանց խոսուն են, եւ ըստ այդմ դրան չեն կարող ընթացք չտալ: Այլ բան է, որ այո. շատ է երկարում: Բայց որ ի վերջո հասնելու եմ նրան, որ իմ բիզնեսը խլած նախկին պաշտոնյաները. ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ թե Ալիկ Սարգսյանը կանգնեն օրենքի առաջ, դա միանշանակ է:
-Ասում են, որ այսօր առերեսվելու եք նախկին վարչապետի հետ…
-Այսօր այո, առերեսում է լինելու, բայց չեմ կարող ավելին ասել, այսինքն թե ում հետ:
-Փաստորեն, ոչ հերքում եք, ոչ հաստատում:
-Դե այդպես է ստացվում: Բայց այնպայման, որ ժամանակը կգա՝ կխոսեմ:
-Իսկ նախկին ոստիկանապետի մասով ի՞նչ կասեք:
-Դե Ալիկը փորձում է «ջրից չոր դուրս գալ», բայց մեկ է չի ստացվելու:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Այն, որ ինքը ինձանից խլած երեսուն տոկոս բաժնեմասը գրանցել է ոչ թե իր` այլ իր եղբոր աներձագի անունով, ու տենց ուզում է մաքուր դուրս գալ: Բայց հո տենց չի. էնքան փաստեր կան: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի, եւ արարատցի երկու նախկին պաշտոնյաները, ովքեր ամենատարբեր խարդախ միջոցներով ինձանից խլեցին իմ բիզնեսի բաժնեմասերը` պատասխան կտան:
Տաթեւիկ Աբրահամյան
