«Դապատապարտում եմ, եւ կարծում եմ, որ համայնքապետի վարքն անպայման պետք է իրավական գնահատական ստանա». Աղասի Ենոքյան
Հայտնի մեդիա մասնագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը դատապարտում է լրագրող Գայանե Զարգարյանի նկատմամբ Ամբերդի համայնքապետի սպառնալի եւ վիրավորական հարձակումը: Անդրադառնալով միջադեպի մանրամասներին եւ ուսումնասիրելով ձայնագրությունն ու կից հրապարակումը մեդիապաշտպանը ընդգծել է .
-Դատապարտում եմ լրագրողի նկատմամբ Ամբերդի համայնքապետի սպառնալի եւ վիրավորական հարձակումը։ Եթե համայնքապետը ինչ-որ խախտումներ է գործել, ապա բարոյական եւ իրավական սանկցիաների չենթարկվելու համար պարզապես հարկավոր է լիազորությունները չչարաշահել, եւ ոչ թե փորձել խախտումները լուսաբանողներին լռեցնել։ Կարծում եմ, որ համայնքապետի վարքն անպայման պետք է իրավական գնահատական ստանա։
Ցավոք, մամուլը իշխանության ներկայացուցիչների համար թվում է անպաշտպան, եւ շատ մեծ է նրան լռեցնելու գայթակղությունը։ Սակայն, եթե ցանկանում ենք իրապես ժողովրդավարական համակարգ կերտել, ապա խոսքի ազատության դերը բացարձակ է եւ անքննելի։
Համոզված եմ, որ Ամբերդի համայնքապետի կողմից, լրագրողի իրավուքների ճնշման համար ֆոն են ծառայել ինչպես վերջին ընթացքում եղած հարձակումները մամուլի նկատմամբ, այնպես էլ իշխանությունների՝ իրենց լիազորությունների թյուրընկալման եւ մանավանդ՝ տեղական իշխանության ներկայացուցիչների կողմից սեփական անպատժելիության զգացումը։
Այս դեպքին իրավական հստակ գնահատականը՝ կարեւոր դաս կլինի ինչպես մամուլի ազատության սահմանափակումներ տենչացողների համար, այնպես էլ կզգոնացնի տեղական իշխանության ներկայացուցիչներին՝ եւս մի տեսանկյունից հստակորեն ընդգծելով նրանց լիազորությունների սահմանները։
