«Ասում էր՝ կյանքս կտամ մեկ Ձեր համար, մեկ էլ հայրենիքիս համար, ու այդպես էլ արեց իմ բալեն...կյանքը տվեց հայրենիքին, իսկ մեզ առանց կյանք թողեց»
Ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը 2016թ-ի ապրիլյան պատերազմի հերոսներից մեկն էր։ Ծառայակիցները նրան հիշում են որպես անվախ, նվիրված, ազնիվ զինվորի: Քյարամը այն հերոս տղաներից էր, ով չենթարկվեց հրամանատարի՝ նահանջի հրամանին եւ մինչեւ վերջին շունչը կռվեց հանուն հայրենիքի: Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:

Fnews,am-ի թղթակցի հետ զրույցում վերհիշելով 2016 թվականի այս օրը` Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակ արիաբար զոհված Քյարամ Սլոյանի մայրը` տիկին Նվարդը, մեզ հետ զրույցի ընթացքում արտասունքն աչքերին, պատմեց.
- էս տարի Քայարամս կդառնար 23 տարեկան։ Ես կյանքում-կյանքում չեմ համակերպվի Քյարամիս, իմ հպարտության, իմ լուսի կտոր տղայիս մահվան հետ: Ես չեմ հավատում, որ էս սառը քարի տակ ա իմ Քայարամը, ինձ ուժ տվող Քյարամս... Ես ամեն Աստծո օրը, սպասում եմ որդուս վերադարձին. ինձ միշտ թվում է, թե ուր որ է Քայարամս կբացի դուռը, կգա կփաթաթվի ինձ ու իր ա անուշ ձենով կասի, "Մամ ջան տղեդ եկել ա, դուխդ տեղը պահի, տղեդ ա եկել, տղեդ...

Սեւազգեստ մոր խոսքերով.
-Աստծո տված երեխա էր Քյարմաս: Մինչ բանակ գնալը երբեք մեզ նեղություն չի տվել, գնում էր դուրս, հետո 3 կամ 4 հազար դրամ ձեռքը գալիս էր տուն, գնում՝ աշխատում էր:
Շատ հայրենասեր էր Քայարամս, սկզբում չէինք հասկանում էրեխուս հայրենասեր լինելը: Հենց սահմանին լարված իրավիճակ էր լինում` դեռ դպրոցական տարիներից ասում էր. «Երբ եմ դառնալու զինվոր, ես էլ պաշտպանեմ իմ հայրենիքը»: Միշտ ասում էր՝ կյանքս կտամ մեկ Ձեր համար, մեկ էլ հայրենիքիս համար, ու այդպես էլ արեց իմ բալեն, կյանքը տվեց հայրենիքին, իսկ մեզ առանց կյանք թողեց իմ Քյարամս:
Իմ համար իմ Քյարամը միշտ կենդանի ա մնալու, ես զգում եմ իր շունչը ամենուր, մեր տան ամեն մի անկյուն լցված է Քյարամով` զորամասից մեզ ուղղված շնորհակալական նամակից մինչեւ նրա զինվորական համազ գեստը, սուրբ մասունքի պես կպահեմ մինչեւ կյանքիս վերջ:
Իմ վերքը երբեք չի սպիանա: Քանի տարի էլ անցնի` ապրիլի 2-ը իմ կյանքում, իմ սրտում հավերժ սեւով գրվեց` 2016թվականին: Էդ օրը ես վերջին անգամ լսեցի իմ Քյարամի ուրախ ձայնը:
Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական "քառօրյա պատերազմի" առաջին զոհերից մեկը։ Զոհվելուց հետո Քյարամ Սլոյանի դիակը հայտնվել էր Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տարածքում:
![]()
