Եկել ենք տուն, սնունդ տանենք տղամարդկանց. «Արարատցեմենտի» աշխատակիցները մտադիր են գիշերել ավտոբուսներում. News.am
Առավոտից գործադուլ անող և «Արարատցեմենտ»–ի մուտքը փակած՝ գործարանի աշխատակիցները երեկոյան ժամը 19։00–ի դրությամբ հրաժարվում են դադարեցնել ակցիան և բացել ճանապարհը։ NEWS.am–ի հետ զրույցում այս մասին ասաց գործարանի աշխատողներից մեկը։ Նրա խոսքով՝ իրենց տնօրինությունից էլ են մոտեցել եւ ասել, որ Գագիկ Ծառուկյանը ապրիլի 17–ին կհանդիպի իրենց հետ՝ հորդորելով բացել ճանապարհը, բայց աշխատակիցները չեն համաձայնվել։
Մեկ այլ աշխատակցի խոսքով էլ, ներկա պահին կանայք գնացել են տուն, որպեսզի մի փոքր հանգստանան եւ կրկին միանան տղամարդկանց։
«Մի քանի ժամով եկել ենք տուն, մի փոքր հանգստանանք, սնունդ պատրաստենք, տանենք տղամարդկանց»,– ասաց կին աշխատակիցը։
Նրա խոսքով՝ գիշերը պատրաստվում են ավտոբուսների մեջ գիշերել, մինչեւ չեղյալ կհամարեն իրենց ուղարկված՝ աշխատանքից ազատման ծանուցումները։
Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:
Հիշեցնենք, որ այսօր՝ առավոտյան ժամը 08։00–ից, Արարատի մարզում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները փակել էին գործարանի մուտքը, քանի որ նրանց հայտնել են, որ երկու ամսից՝ հունիսի 15-ից, գործարանը փակվում է ու շուրջ հազար աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ Իրանից ներկրվող հումքի էժան լինելու պատճառով իրենց արտադրանքը մրցակցային չէ։