Փաշինյանը դանակ խաղացնողներին խոստացավ ասֆալտին պառկեցնել, պատերով տալ. «Եթե պլստան, վզներից կբռնենք»
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղում մեկ շաբաթ է՝ իրավիճակը չի հանդարտվում. «Գյուղացիները պահանջում են գյուղապետի հրաժարականը, գյուղի հովիվն արդեն մեկ շաբաթ՝ հացադուլ է անում գյուղապետարանի դիմաց: Նրանք երկու անգամ փակել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը: Ասացին, որ գիշերը երիտասարդների մոտ դանակներ են եղել, տհաճ զարգացումներ կարող են լինել, ինչպես Զարթոնք գյուղում: Ես հանդիպել եմ գյուղապետի հետ: Նա ասել է, որ հրաժարական չի տալու, եւ եթե չարաշահումներ են եղել, թող իրավապահները զբաղվեն»:
Փաշինյանը վկայակոչեց Զարթոնք համայնքի իրավիճակը. «Եթե միջամտեինք, կասեին, որ կառավարությունը ճնշում է գործադրում համայնքի ղեկավարի վրա: Երբ իրավիճակը սրացավ, ասացին, թե ուր է կառավարությունը: Հեղափոխությունից հետո բոլոր համայնքներում, որտեղ կա խնդիր եւ բողոքի ալիք, գյուղապետերը պետք է հրաժարական տան: Եթե վստահ են, որ ունեն գյուղի ժողովրդի վստահությունը, նորից կընտրվեն: Մենք չենք պատրաստվում որեւէ տեղ քվեաթերթիկ կեղծել»: