«Ապե՛ր, հլը դուրս արի». երկար նայելու համար ավագանու ԲՀԿ խմբակցության անդամը «Իմ քայլի» անդամին դուրս հրավիրեց
Երևանի ավագանու այսօրվա նիստում միջադեպ է գրանցվել «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների անդամների միջև:
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նիստի ընթացքում տեղից վեր կացավ և դիմելով «Իմ քայլից» Վազգեն Դարբինյանին՝ ասաց. «Ապե՛ր, հլը դուրս արի»:
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իրեն երկար նայելու համար է դուրս հրավիրել Վազգեն Դարբինյանին: ԲՀԿ-ականները լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Արմեն Ներսիսյանի վարքագիծը, ասացին, որ այդտեղ որևէ վատ բան չկա, ընդամենը քննարկման հրավեր է:
Ավելի ուշ՝ նիստի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանն առաջարկեց էթիկայի խորհուրդ ստեղծել: «Ինչպես ցույց տվեց մեր այսօրվա նիստը և առհասարակ բոլոր նիստերը, անհրաժեշտություն եմ տեսնում և առաջարկում եմ ստեղծել էթիկայի խորհուրդ, ինչպես ԱԺ-ում է: Այն կհսկի և´ ֆեյսբուքյան գրառումները, և´ նիստում հնչեցված «դուրս արի, ապե, խոսենք» արտահայտությունները»,- ասաց Լիլիթ Կիրակոսյանը:
Քաղաքապետը Հայկ Մարությանը նշեց, որ հետաքրքիր առաջարկ է. «Ինձ դուր է գալիս այս առաջարկությունը: Կարծում եմ՝ ձեռնամուխ կլինենք»:
