VIDEO.Ատրճանակը դրեցին գոտկատեղիս, տարան Վովա Գասպարյանի մոտ. Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպիչը նոր դրվագ հիշեց.news.am
Քրեական հեղինակություն «Կայարանցի Թևոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու և սպանության կատարմանն օժանդակելու համար 25 տարվա ազատազրկման դատապարտած Իսրայել Սարգսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, որ իրեն քրեական հետապնդման ենթարկելու հետևում կանգնած է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Իսրայել Սարգսյանն, որ առավել հայտնի է Իսո անունով, Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ 2017թ. դեկտեմբերի 20-ի դատավճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել քրեական օրենսգրքի մի քանի ծանր հոդվածներով և դատապարտվել 25 տարվա ազատազրկման: Սարգսյանը վերաքննիչից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու արդարացնել իրեն: Այս գործով բողոքի քննությունը մոտենում է ավարտին: Այսօրվա դատական նիստին Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է հանդես գալ վերջին խոսքով: Նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը սակայն նրան պարզաբանեց, որ վերաքննիչ ատյանում գործը քննվում է վճռաբեկության կարգով և որ նա կարող է ընդամենը հանդես գալ հայտարարությամբ:
