«Զարմանալի է, թե ինչպես են ինձ վերաբերող գործերը, որոնք սանձազերծվում են պարոն Մինասյանի կողմից. հայտնվում նրա թաղի աղջկա` դատավոր Խաչատրյանի մոտ».քաղաքագետ
Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ-ական նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը, կրկին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան էր դիմել երկու տարբեր հայցերով՝ ընդդեմ հայտնի քաղաքական վերլուծաբան, դասախոս Գագիկ Համբարյանի:![]()
Այս մասին Newsmedia-ի հետ զրույցում ասաց անձամբ հայտնի քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ, նկատելով.
- Սահակ Մինասյանը մայիսի 2-ին եւ 6-ին, երկու տարբեր՝ բայց գրեթե նույնաբովանդակ հայց էր ներկայացրել դատարան : Երկուսի դեպքում էլ՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հայցեր են, որտեղ պարոն Մինասյանը ինձանից պահաջում է ոչ միայն ներողություն խնդրել եւ հրապարակավ հերքել տեղեկությունները, այլ նաեւ յուրաքանչյուր հայցի դիմաց՝ երեք միլիոն դրամ գումար է պահանջում: Եւ ինչն է շատ տարօրինակ. այսօր ես իմ աղբյուրներով դատարանից տեղեկացա, որ գրեթե նույնաբովանդակ հայց պարոն Մինասյանը իմ դեմ ներկայացրել էր նաեւ անցյալ տարի: Սակայն քանի որ վերջինիս դատական նիստերին չներկայացավ, այդպես էլ` գործը կարճվեց: Սակայն հիմա, նույն այդ դատարանը մեծ հաճույքով շատ արագ հայց է ընդունում, եւ հայցերը շատ զարմանալիորեն հայտնվում են Սահակ Մինասյանի թաղի աղջիկ. Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր՝ Լիլիթ Խաչատրյանի մոտ: Իսկ ես այս տիկնոջը առհասարակ չեմ վստահում՝ առաջին իսկ օրվանից, քանի որ ես ինքս հենց հիմա ունեմ ստույգ տեղեկություններ, որ ինքը բավական սերտ կապեր ունի Սահակ Մինասյանի հետ:
-Այսինքն ստացվում է, որ դատարանը ի սկզբանե կանխակալ մոտեցում է դրսեւորո՞ւմ Ձեր անձի շուրջ:
-Իհարկե, եւ հետո շատ զարմանալի է, թե ինչպես են ինձ վերաբերող գործերը, որոնք սանձազերծվում են պարոն Մինասյանի կողմից` հայտնվում նրա թաղի աղջկա` դատավոր Խաչատրյանի մոտ: Մինասյանը այդ մասին բազմաթիվ տեղեր է ասում, որ Լիլիթ Խաչատրյանը իր թաղի աղջիկն է: Ես ապշած եմ, թե ինչպես են ինձ վերաբերող բոլոր գործերը հայտնվում իմ կողմից անվստահություն ունեցող տիկին դատավորի մոտ, ում ես դեռեւս նախորդ տարեվերջին` հստակ փաստերով անվանել եմ «սահակապաշտպան»:
Հաշվի առնելով վերոհիշյալը, ես դիմում եմ ԲԴԽ-ին, որպեսզի այդ տիկնոջը առհասարակ զրկեն դատական գործունեության իրավունքից, քանի որ ես շատ խիստ կասկածներ ունեմ՝ նաեւ այդ տիկնոջ կոմպենտենտության վրա:
Այդ դատավոր տիկնոջ դատական վճիռներից մեկի մեջ, Շիրակի պետհամալսարանի ստորաբաժանումներից մեկը՝ տարբեր երեք անուններով էր նշված: Դա ցույց է տալիս այդ տիկնոջ ոչ կոմպետենտությունը: Բացի այդ, իմ գործընկերոջ վճիռը ամբողջությամբ գրեթե քոփի-փեստ էր՝ իմ վճիռից: Մեր բուհի հետ կապված եւս մեկ վճիռ էր կայացվել, որը Վերաքննիչ դատարանը կրկին հետ է ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որովհետեւ խայտառակ քննություն էր տեղի ունեցել դատարանում` դատավոր Լիլիթ Խաչատրյանի նախագահությամբ: Ես ամբողջությամբ համաձայնեմ՝ մեր գործող իշխանության այն ծրագրի հետ, որ անհրաժեշտ է վեթթինգ իրականացնել եւ ընդհանրապես պետք է նաեւ այդ վեթթինգի միջոցով ճշտվի , թե դատարանում աշխատատող դատավորները ինչ կապեր ունեն համապատասխան մարդկանց հետ:
