«Աշտարակի ձոր» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել. մասնակիցներից մեկը ԱԺ պատգամավոր Արման Եղոյանն է
Արագածոտնի մարզում, հունիսի 2-ին, «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջեւ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, որոնք պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Երեւանի բնակիչներ՝ 33-ամյա Լեռնիկ Օհանջանյանի, նրա ընկերոջ՝ 35-ամյա Արման Եղոյանի եւ նշված ռեստորանային համալիրի աշխատակից՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռազմիկ Աբգարյանի միջեւ, որի ժամանակ վիճաբանության մասնակից մատուցողներից մեկը հարվածել է Լ. Օհանջանյանին, իսկ մյուս աշխատակից Ռ. Աբգարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Ա. Եղոյանի հասցեին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է սխալ գնացուցակ ներկայացնելը, ինչի համար Լ. Օհանջանյանն ու Ա. Եղոյանը գնացել են տնօրենի մոտ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, որն էլ ավարտվել է վիճաբանությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրը հայտնում է, որ Ա. Եղոյանը Ազգային ժողովում «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է։