Նելլի Դուրյան. «Երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ կասկածվող հայրը ձերբակալվել է».aravot.am
«Շատ շուտով ոստիկանության Կենտրոնի տարածքային բաժնում կբացվի սեռական բռնության ենթարկվածների հետ տարվող աշխատանքների սենյակը, որտեղ անչափահասներ են ներկայացվելու, որոնք սեռական բռնության են ենթարկվել: Սա լինելու է տեսաձայնագրությամբ, հայելապատ սենյակ: Պետք է հնարավորինս նեղ լինի մասնակիցների շրջանակը, որպեսզի անչափահասների կամ սեռական բռնության ենթարկված կանանց պատմածն ավելի ճշգրիտ լինի, նրանց իրավունքները հնարավորինս պաշտպանված լինեն»,- ասուլիսում հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Պատասխանելով Սյունիքում կատարված սարսափելի դեպքի վերաբերյալ լրագրողի հարցին, տիկին Դուրյանը նշեց, որ երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ կասկածվող հայրը ձերբակալվել է, իսկ տուժող աղջիկը եւ ընտանիքի մյուս երեխաները տեղափոխվելու են համապատասխան աջակցության կենտրոն: Նա լրագրողներին հորդորեց նման դեպքերի մասին գրելիս տարածաշրջանը չնշել. «Քանի որ գյուղ է, բոլորն իրար ճանաչում են, մնում է` իրենց տունը վաճառել ու գնալ»: