Դուբայի շեյխի կնոջ փախուստը Լոնդոն սպառնում է դիվանագիտական ճգնաժամ առաջացնել Մեծ Բրիտանիայի և ԱՄԷ-ի միջև
Դուբայի շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի վեցերորդ կինը՝ արքայադուստր Հայա բինթ ալ Հուսեյնը, որը Հորդանանի հանգուցյալ թագավորի դուստրն է, իրենից 24 տարով մեծ ամուսնուց Լոնդոն փախչելով՝ կարող է դիվանագիտական ճգնաժամի առաջացման պատճառ դառնալ Մեծ Բրիտանիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև:
Ինչպես գրում է The Guardian-ը, 45-ամյա արքայադուստր Հայան իր երկու մանկահասակ երեխաների հետ ապրում է Լոնդոնում՝ Քենսինգտոնյան պալատից ոչ հեռու գտնվող ճոխ առանձնատանը, սակայն լուրջ մտավախություններ ունի նրա վերաբերյալ, որ ազդեցիկ ամուսինը կարող է առևանգել իրեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայադուստրը ստիպված է եղել փախչել միլիարդատեր ամուսնուց, երբ վերջինիս մոտ լուրջ կասկածներ են առաջացել կնոջ և նրա բրիտանացի թիկնապահի «չափից շատ մտերմության» վերաբերյալ:
Այժմ 69-ամյա շեյխը Լոնդոնի Բարձր դատարանում հայց է ներկայացրել 45-ամյա արքայադստեր դեմ:
Կնոջ ընկերների պատմելով՝ Հայան Դուբայի իրենց պալատից փախել է, քանի որ ամուսնու մոտ կասկածներ առաջանալուց հետո վախեցել է սեփական կյանքի, ինչպես նաև մանկահասակ երկու երեխաների անվտանգության համար: Այնուհանդերձ՝ հայտնի չէ՝ արդյոք այդ կասկածներն արդարացի են:
Այժմ շեյխը փորձում է դատարանի միջոցով հետ ստանալ իր երեխաներին: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ թե՛ ամուսինը, թե՛ կինը շատ մտերիմ են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի, հատկապես՝ Էլիզաբեթ 2-րդի հետ, և չի բացառվում, որ նրանք կարող են ներքաշվել աղմկահարույց ամուսնալուծության գործընթացում:
