«Լայեղ չեն անում մի քանի րոպեով ընդունել եւ լսել նախկին մանկատան սան՝ Քյալբաջարում ծառայած նախկին զինծառայողի` արդարացի բողոքը»
Newsmedia.am-ը առիթ ունեցել է անդրադառնալու Սումգաիթյան ջարդերից մի կերպ մազապուրծ եղած` Գավառի մանկատանը բնակություն հաստատած 38-ամյա Մարատ Շամիրյանի դաժան ճակատագրի պատմությանը, որը լի է կորուստներով, չսպիացող վերքերով եւ, որ ամենացավալին է, ինչպես մեր զրուցակիցն է ասում. «անտարբերությամբ»:
Հիշեցնենք` Մարատը` Սումգաիթյան ջարդերի հետեւանքով կորցրել է ծնողներին, եւ մնացել որբ: Գավառի մանկատնից դուրս գալով, որպես երկկողմանի ծնողազուրկ, որպես մանկատան սան, բնակարան է ստացել Էջմիածնում` անհատույց օգտագործելու պայմանով: Բայց այժմ հայտնվել է անելանելի վիճակում, որովհետեւ այրվել է իր բնակարանը, եւ նա հայտնվել է դրսում:

Մարատը դեռեւս նախորդ հրապարակման շրջանակներում դիմել էր բարերաներին` անսալով գոնե փոքր աջակցություն, բայց, փաստորեն ապարդյուն…
Այս անգամ Մարատը հուսահատ վիճակում կրկին դիմել է խմբագրությանը` հույսը չկորցնելով, որ գուցե այս անգամ նրա խնդիրը անարձագանք չմնա՝ ինչպես պատկան մարմինների, այնպես էլ բարերարների կողմից:
Մարատի խոսքերով.«2015թվականից մինչ օրս ՀՀ նախկին եւ ներկա կառավարության ղեկավարները անտեսում են իմ կարգավիճակը, ոչ մի հարցում ինձ չեն ընդառաջում եւ չեն ընդունում: Անգամ լայեղ չեն անում մի քանի րոպեով ընդունել եւ լսել նախկին մանկատան սան, Քյալբաջարում ծառայած նախկին զինծառայողի` արդարացի բողոքն ու դժգոհությունը: Ես բազմաթիվ անգամներ դիմել եմ ՀՀ բոլոր պատկան մարմիններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանից սկսած մինչեւ ՀՀ նախագահ, բայց զրո արձագանք եւ ուշադրություն:
- Կոնկրետ ի՞նչ խնդիրների մասին խոսքը:
-Ունեմ բազմաթիվ խնդիրներ... սկսած բուժհետազոտման, աշխատանքային իրավունքի խախտումների եւ առավել եւս, այո չզարմանաք, բայց ապրելու եւ գոյատեւելու: Ստեղծված իրավիճակից ելնելով ես կորցրեցի ընտանիքս. Կինս, երեխաս ապրում են վարձով՝ Էջմիածնում, իսկ ես ապրում եմ Կոնդում գտնվող անմխիթար պայմաններում գտնվող վարձով տանը: Եթե պատկան մարմինները եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չարձագանքեն իմ խնդրանքներին, եւ ինձ չընդունեն, որպես ՀՀ քաղաքացի, ուրեմն կստացվի, որ խտրականություն են դնում ռեալ մտածող մարդկանց եւ քայլարածների միջեւ:
Եզրափակելով խոսքը Մարատը նկատեց.
-Ես շնորհակալ եմ, որ Ձեր լրատվամիջոցը մշտապես կանգնած է եղել իմ կողքին եւ հնարավորության սահմաններում բարձրաձայնել է խնդիրը:
Եւս մեկ անգամ եւս ուզում եմ դիմել համայն հայությանը, բարեսիրտ, աստվածավախ մարդկանց, բարերարներին` հանձինս Գագիկ Ծառուկյանի եւ նրա մայրիկ տիկին Ռոզային, որպեսզի անսան իմ խնդիրներին, եւ օգնության ձեռք մեկնեն` անելանելի վիճակում հայտնված իրենց հայրենակցին, ով առանց այն էլ ծանր, կորուստներով ու դառնություններով լի կյանք է ունեցել եւ ունի: Սումգայիթյան ջարդերից մազապուրծ եղանք, բայց հայրենիքում անտերության մատնվեցինք:
Եթե իմ խնդրանքները մնան անարձագանք՝ պատրաստ եմ դիմելու ծայրահեղ քայլերի, դիմելու եմ դեսպանտներ, իսկ եթե այստեղ էլ խնդիրս չլուծվի չգիտեմ…
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
