Դիլիջանի հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է. նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին: Նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն, և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով, կարճ ժամանակ անց գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գ․Ղ․-ն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բազմաթիվ հարվածի հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:
Ստեղծվել է քննչական խումբ, և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր․ օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: