«ՌԴ-ից Վրաստան չվերթների արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթները». Տաթևիկ Ռևազյան
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն, ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, այսօր նշեց, որ հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնելու արգելքից հետո ՀՀ-ում գործող ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացվել:
«Այս որոշումից հետո մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրեցինք մեզ մոտ, որ համոզենք, որ Հայաստանն օգտագործեն որպես տարանցիկ չվերթների տարածք: Դա մեր գործառույթը չէր, բայց մենք դրանով զբաղվում ենք: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, որպեսզի հուլիսի 8-ից չվերթները կարողանային իրականացնել Հայաստանից»,- ասաց նա:
Անդրադառնալով փոքր ավիացիայի զարգացմանը, կոմիտեի նախագահն ասաց, որ այդ ոլորտում քայլերն արդեն սկսվել են:
«Երկու փոքր «Սեսնա» օդանավ ենք գրանցել: Այս տարվա ընթացքում օդապարիկ էլ ենք գրանցել: Քայլերն արդեն սկսվել են», - ասուլիսի ժամանակ ասաց Ռևազյանը:
Նրա խոսքով՝ այս ոլորտում կան խնդիրներ, քանի որ քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել: Ռևազյանը, մասնավորապես, ընդգծեց, որ նախատեսում են օրենքով փոփոխություններ կատարել:
«Մեր առաջարկը պատրաստ է. գերթեթև՝ մինչև 450 կգ, օդանավերի հետ կապված օրենքը փոխենք: Հիմա ՀՀ-ում այդ օդանավերը գրեթե անհնար է գրանցել»,- ասաց նա: