ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել է Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար օգտագործել Պենտագոնի միջոցները
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփին Պենտագոնի ֆոնդից 2,5 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, հաղորդում է BBC-ն՝ դատարանի որոշմանը հղումով։
Դատավորներից 5-ն աջակցել են Սպիտակ տան ղեկավարի մտադրությանը, մյուս 4-ը դեմ է հանդես եկել։ Այս որոշմամբ Գերագույն դատարանը չեղարկել է վերաքննիչ դատարանի որոշումը, որը դրամական միջոցների հատկացումն անօրինական էր ճանաչել։
Թրամփը ցանկանում է Պենտագոնի միջոցներից օգտվել պատի՝ շուրջ 161 կմ երկարությամբ հատված կառուցելու համար։ Նախագահն այս միջոցին դիմել էր այն բանից հետո, երբ Կոնգրեսը չէր տրամադրել պատի կառուցման համար նրա խնդրած գումարը։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի տարածքով Կենտրոնական Ամերիկայի երկրներից դեպի ԱՄՆ հարավային սահման շարժվող ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու նպատակով պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից է եղել։ Ընթացիկ տարվա սկզբին ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամից հետո Թրամփը ստիպված էր եղել դրամական միջոցների տրամադրման հարցում զիջել Կոնգրեսին։