Ճամբարակում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. քաղաքապետի մտերիմ «օրենքով գողին» պատասխանատվության կանչելը շարունակում է ոստիկանության ուժերից վեր մնալ (լուսանկարներ)tert.am
Կառավարության քայլերը՝ ուղղված «օրենքով գողերին» պատասխանատվության կանչելու հարցին, ոստիկանության համար դեռևս հիմք չեն օրինազանց «գողերին» կարգի հրավիրելու համար: Բացառությամբ որոշ «օրենքով գողերի» նկատմամբ շոու հիշեցնող ձերբակալությունների՝ հանրապետության շատ մարզերում դեռևս հարցերը կարգավորվում են քրեական հեղինակությունները:
Tert.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ի գիշերը Ճամբարակ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, մինչդեռ ոստիկանությունը դեպքի առթիվ որևէ մանրամասների չի տիրապետում: Ոստիկանությունից Tert.am-ի հայտնեցին, որ տեղեկություն ստացել են, որ սեպտեմբերի 1-ի ուշ երեկոյան Ճամբարակի ավտոկայարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել: «Այս պահին այդ տեղեկությունը ստուգվում է»,-նշեցին ոստիկանությունից:
Նշենք, որ ըստ Tert.am-ի տեղեկությունների՝ ծեծկռտուքը եղել է քաղաքի ավտոկայարանի մոտակայքում, որը ոստիկանության բաժանմունքից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա է: Ոստիկանությունը, սակայն, կատարվածին չի միջամտել, ոչ թե որովհետև չի լսել և հաղորդում չի ստացել, այլ որովհետև միջադեպի մասնակիցներից են եղել քրեական հեղինակություններ. որոնց նկատմամբ օրինական գործողություններ իրականացնելը տեղի ոստիկանության ուժերից վեր է:
Նշենք, որ Ճամբարակում գրեթե ցանկացած հարց լուծվում է «օրենքով գողերի» միջոցով, հատկապես որ նրանց հետ սերտ կապեր ունի քաղաքային իշխանությունը: Խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը քաղաքում հարցեր «լուծող» Վիլեն Սոսյանի մտերիմ ընկերն է: Քրեական հեղինակություն համարվող Վիլեն Սոսյանը չի էլ թաքցնում իր մտերիմ կապը քաղաքապետի հետ և դրա մասին են վկայում odnoklassniki.ru սոցիալական ցանցում հրապարակված նրանց ջերմ լուսանկարները:



