«Մենք չենք դրսևորել մեզ որպես իշխանություն, որը կարող է մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի». Ա. Սիմոնյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին հարցին, ասաց. «Շատ ցավալի դեպք է, բայց իշխանության ճնշո՞ւմ։ Մենք այսքան ժամանակ չենք դրսևորել մեզ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանել, մարդ ծեծել կամ մարդուն այն օրի հասցնել, որ ինքնասպանության դիմի: Առավել ևս՝ իրավապահ մարմինների պարագայում: Տարբեր վարկածներ են պտտվում։ Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել. սպանել են, որ չգնա, ցուցմունք տա «Մարտի 1-ի» գործով»:
Հարցին, թե «Մարտի 1-ի» գործով վկաների անվտանգությունը պահպանման անհրաժեշտություն կա՞, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այնուամենայնիվ, դատարանի որոշումը առ այն, որ Ռոբերտ Քոչարյանին չպետք է բաց թողնել, խափանման միջոցը փոխելու մասին է խոսքը, ճիշտ է: Այս գործը, իրոք, շատ ջուր կտանի, վերաբերում է շատ ու շատ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, ՀՀ քաղաքացիների ընտանիքներին, պետք է լուրջ լինենք այս հարցով: Մերօրյա Հայաստանը հանգիստ երկիր է»:
