Մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալները շատ ավելի խոսուն են, քան նախկին ոստիկանապետի արդարացումները. Փաստաբան
Մեղադրանքի հիմքում ընկած փաստական տվյալները շատ ավելի խոսուն են, քան նախկին ոստիկանապետի արդարացումները. սա կարծում եմ` շատ ակնհայտ է,- NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս մարտի 1-ի հնչեղ գործով երեւան եկած նոր մեղադրյալների` մասնավորապես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, եւ նրա պնդումներին, որ քրեական գործի հիմքում որեւէ հիմնավորում չկա, ասաց մարտի 1-ի գործով հետապնդման ենթակված, տասնակ քաղաքացիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԸ, մանրամասնելով.
-Պետք է փաստեմ, որ ՀՔԾ-ում շխատում են պրոֆեսիոնալ քննիչներ, ովքեր նախորդ իշխանության ժամանակ տարբեր ստորաբաժանումներում են աշխատելիս եղել` այդ նույն մասնագիտությամբ: Եւ այսօր, մեղմ ասած տարօրինակ է, որ մարտի 1-ի արյունոտ գործում առնչություն ունեցող անձիք, մեղքը բարդում են ՀՔԾ-ի ոչ պրոֆեսիոնալ կադրերի վրա:
Նորից եմ կրկնում. բնական է, որ Ալիկ Սարգսյանը, ում արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել պետք է արդարանար, բայց փաստական տվյալները շատ ավելի խոսուն են, քան նախկին ոստիկանապետի արդարացումները: Սա կարծում եմ` շատ ակնհայտ է:
Ավելին ասեմ, խնդիրը կայանում է նրանում, որ նախկին համակարգի բարձրաստիճան անձիք` յուրաքանչյուրն իր մասով իրենց մասնակցությունն ու աջակցությունն են ցուցաբերել, որպեսզի մարտի1-ի արյունոտ էջը չբացահայտվի:
Պետք է ասեմ, որ ես եղել եմ քաղաքական հետապնդման ենթարկված մի քանի տասնյակ անձանց պաշտպան, ովքեր այդ իրադարձությունների ժամանակ հանիրավի դատապարտվել են: Եւ, ես գտնում եմ, որ ժամանակն է, որ այդ անձիք եւս այսօր տուժող ճանաչվեն եւ արդարացի պահանջ ներկայացնեն:
Ինչ վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյանների արդարացումներին, պետք է ասեմ, որ գոյություն չունի որեւէ վենդետա, ինչի մասին նրանք անուղղակի ակնարկում են: Եղած կամ ձեռք բերված փաստական տվյալների, ապացույցների արդյունքում է, որ այդ անձանց մեղադրանքներ են առաջադրվում: Եւ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ յուրաքանչյուր ոք, ով մասնակցություն ունի մարտի 1-ի գործի խեղաթյուրմանը, կեղծ ապացույցների ձեռք բերմանը` պետք է արժանաիրորեն պատժվի:
Հիշեցենք, որ օրերս մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ալիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս մասին հաղորդագրություն էր տարածել Հատուկ քննչական ծառայությունը.
Ըստ մեղադրանքի. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:
Ըստ առաջադրված մեղադրանքի` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, համատեղությամբ նաև 2006 թվականի մարտի 14-ից ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարված առանձնապես ծանր հանցագործության՝ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը, այն է՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողությունները և ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ 2008 թվականի մայիսի 29-ից ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի և սույն քրեական գործով նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:
