«Ինչ-որ մի բանով` թեկուզ մակարոն լինի, հաց լինի… ինչ էլ լինի խնդրում եմ աջակցեք».Երեք անչափահաս երեխաների մայրը դիմում է բարի մարդկանց
NewsMedia.am-ը շարունակում է անդրադառնալ սոցիալապես անապահով ընտանիքների ահազանգերին` ուղղված խմբագրությանը: Այս անգամ մեզ է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայրը` 22-ամյա Մերին, ում փոքրիկները ինչպես վերջինս մեզ հետ զրույցում ասաց. այս օրերին` սովի են մատնված:
- Ունեմ երեք բալիկ, որից մեկը տառապում է սրտի արատով: Ապրում եմ վարձով` ամուսնուս եւ երեխաներիս
հետ: Այս պահին ամուսինս զրկված է աշխատանքից. շինարության վրա է աշխատում, իսկ դա գիտեք` սեզոնային է: Այս պահի դրությամբ ահավոր, ծայրաստիճան վատ վիճակում ենք, կարող եք գալ ինքներդ տեսնել. եթե մի կտոր ուտելու բան կա` ամոթ լինի մեզ:
- Քանի՞ տարեկան են փոքրիկները:
- 4, 3, եւ 1.5 տարեկան են երեխաներս: Ամենափոքրիս մոտ էլ՝ ութ ամսականում հայտնաբերել են սրտի պրոբլեմ: Հնարավոր է վիրահատման խնդիր առաջանա,
դեռ չգիտենք:
Այսպես է հիվանդության անունը. միջփորոքային դեֆեկտ: Երեք շաբաթը մեկ՝ տանում ենք. ասում են, որ եթե փոփոխություն չլինի`
պետք է շտապ վիրահատենք: Հիմա մեր խնդիրը երեխաներին կերակրելն է:
- Իսկ նպաստ,կամ թոշակ ստանում ե՞ք:
- Ոչ, ոչ մի բան, ամբողջ հոգսը ամուսնուս վրա է, ինքն էլ հիմա չի աշխատում: Խնդրում ենք բարի մարդկանց՝ ինչքանով որ հնարավոր է օգնեն, ինչ էլ լինի մենք շնորհակալ կլինենք : Ինչ-որ մի բանով` թեկուզ մակարոն լինի, հաց լինի… ինչ էլ լինի խնդրում եմ աջակցեք` իմ երեխաներին, ուղղակի շատ-շատ եմ խնդրում:
Ընտանիքի հետ կարող եք կապ հաստատել՝ (098) 901561 հեռախոսահամարով: