«Հուսով եմ՝ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում կհանդարտեցնի հեղափոխության արժեքների դեմ աշխատող որոշ կադրերի». Դ․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազնվությամբ ասեմ, որ ուղիղ 2 տարի առաջ այս օրերին գնդապետի ուսադիրներ տալու/պաշտոնին համապատասխանեցնելու նման սխեմա առաջարկել էի Արարատ Միրզոյանին և ապա Նիկոլ Փաշինյանին:
Այն ժամանակ հեղափոխություն էր և իրավապահների ղեկավարների ու տեղակալների պաշտոններում պետք էին գնդապետի ուսադիրներով հեղափոխական մարդիկ:
Բայց այն ժամանակ դրա փոխարեն նշանակվեցին Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը... իսկ այդ մեթոդին դիմեցին հիմա, երբ արդեն վաղուց պետք է իրականացված լինեին այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք հնարավորություն կտային առանց օրենքի բացերի օգտագործման իրականացնել մարդավարի հանրային կառավարում ու կադրային քաղաքականություն:
Հ. Գ. Արգիշտի Քյարամյանից առաջ նման մի սխեմայով գնդապետի ուսադիրներ ստացել էին ողորմածիկ Գեորգի Կուտոյանը (2016-ին) և Արթուր Օսիկյանը (2009-ին): Վերջինները, ի տարբերություն Քյարամյանի, «միջանկյալ» պաշտոնին (ձևի համար) մի 10-15 օր մնացին:
Հ. Հ. Գ. Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Արգիշտի Քյարամյանն ԱԱԾ-ում կհանդարտեցնի հեղափոխության (ժողովրդավարական) արժեքների դեմ աշխատող որոշ կադրերի ու կմշակի այդ կառույցի բարեփոխումների փաթեթը»: