Շիրակի դատախազության «աչքի առաջ».Պաշտոնական կեղծիք, աշխատավարձերի, պարգևավճարների և գործուղումների գումարների յուրացում, վատնում՝ արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով քր. գործի կարճում.ՓԱՍՏԵՐ
Նախօրեին, NEWSMEDIA.am-ը անդրադարձել էր դեռեւս 2018 թվականին մեծ աղմուկ հանած Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող՝ հարուցված քրեական գործին, խոստանալով փաստերով ներկայացնել՝քր գործի փաստական բովանդակությունը՝ ամբողջությամբ:
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ մոտ 2 տասնյակ ուսանողների՝ ուսումնառության ընթացքում ՀՀ-ից դուրս գտնվելու պայմաններում ուսումնարանի առանձին դասախոսներ, տնօրենի հրահանգով և ուսմասվարի, փոխտնօրենի ցուցումներով բացակայությունների ընթացքում նրանց գնահատականեր են նշանակել՝ գրավոր աշխատանքներն ուրիշ ուսանողների գրել տալով: Մի շարք ուսանողներ էլ չէին ստացել իրենց հասանելիք կրթաթոշակների գումարները: Բացի այդ՝ ըստ ձեռք բերված փաստական տվյալների, 2013 թվականի մայիսին ուսումնարանի տնօրինական խորհրդի կողմից որոշվել է աշխատակիցներին տրամադրել դրամական պարգևավճար, սակայն առանձին աշխատակիցներ այն չեն ստացել:
Ըստ նախապատրաստված նյութերում առկա տվյալների՝ 2012-2015 թթ. ընթացքում ուսումնարանում որպես պահակ գրանցված է եղել տնօրենի եղբոր տղան, որը չի ներկայացել աշխատանքի, տնօրենի աղջկա ամուսնու եղբայրը ձևակերպված է եղել որպես տնտեսական գծով փոխտնօրեն, սակայն երբեք չի մասնակցել ուսումնարանի որևէ գործառույթի իրականացմանը, տնօրենի փեսան ձևակերպված է եղել որպես ուսումնարանի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենի փեսայի եղբայրը՝ 2012-2015թթ ընթացքում գրանցված է եղել որպես բանվոր-բակապահ, սակայն երբևէ չի հաճախել աշխատանքի, տնօրենի որդին շուրջ 11 տարի՝ 2007-2018 թթ., գրանցված է եղել որպես աշխարհագրության դասախոս, սակայն երբևէ նման դասաժամ ուսանողների հետ չի պարապել:
Վերոգրյալի վերաբերյալ, Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Եւ արի ու տես, որ Շիրակի մարզային դատախազության «աչքի առաջ» վերը նշված մի շարք առերեւույթ հանցակազմ պարունակող երեւույթները, (որոնք, փաստենք, եթե չլինեին ՝ քրեական գործ չէր հարուցվի) նախաքննության ընթացքում պետք է այնքան «մաշեին», որ արդյունքում Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Լ. Համբարձումյանը որոշել է. «Կատարված նախաքննությամբ վերը նշվածը հաստատելու կամ հերքելու բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, ավելին սպառվել են այդ կապակցությամբ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպեսզի հանգամանքներից ելնելով քրեական հետապնդում իրականացվի: Արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով »:
Հ.Գ
Իսկ որ ամենաուշագրավն է, ու զավեշտալին. վերոնշյալ քր. գործով անցած Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն `Գրիգոր Սիմավոնի Մկրտչյանի նկատմամաբ հարուցված քրեկան հետապնդումը դադարեցվել է ՝ԳՈՐԾՈՒՆ ԶՂՋԱԼՈՒ ՀԻՄՔՈՎ…
Կարծում ենք մեկնաբանություններն այլեւս ավելորդ են, քանի որ սա է Հայաստանի արդարադատության իրական դեմքը…
Ստորեւ ներկայացնում ենք՝NewsMedia.am-ի խմբագրությանն ուղարկված վերնոշյալ քր գործի՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի ամբողջական բովանդակությունը, ինչպես նաեւ քննիչի կարճման որոշումը.
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից