Բոլոր նրանք, որոնք տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, կարող են դիմել ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել մի շարք քրեական գործեր՝ նշված տուրիստական գործակալության կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երեւան, Վրացյան 90)։