Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես՝ զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից: