Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան (Տեսանյութ)
«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ են մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում:
«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- ասել է վարչապետը:
Նա ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար:
Փաշինյանի խոսքով՝ սա կնշանակի, որ ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում. «Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»: