«Նոյեմբերի 10-ին Ծառուկյանի փեսաները համարանիշները հանած թանկարժեք մեքենաներով եկել էին կառավարության շենք»․ Հայկ Սարգսյան
Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նոյեմբերի 10-ին Կառավարությունում և կառավարական առանձնատանը տեղի ունեցած ավերածություններին:
«Քանի որ այս մասին ԱԺ-ում խոսվեց, ուզում եմ փակագծերը բացել։ Ամսի 10-ին Գագիկ Ծառուկյանի փեսաները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը և Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը համարանիշները հանած թանկարժեք մեքենաներով գիշերը եկել են կառավարության շենք և, ըստ վկաների պնդման, իրենց հետ բերել են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարել են քրեորեն հետապնդելի արարքներ: Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ։ Իհարկե, այնտեղ Գագիկ Ծառուկյանի փեսաները որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում»,- նշեց պատգամավորը: