Ստուգելու միակ ձևը ընտրություններն են․ իմքայլական պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման մասին
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդունում է, որ ժողովրդի տարբեր մասեր քաղաքականության, կոնկրետ այս դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավորման առնչությամբ կարող են միաժամանակ տարբեր պահանջներ ունենալ, դա ստուգելու միակ ձևը ընտրություններն են: Դանիելյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր ուժեր, անհատներ, քաղաքացիներ պահանջում են վարչապետի հրաժարականը, արդյոք նրանք ժողովո՞ւրդ չեն, որ դա ընկալվի որպես հանրային պահանջ:
«Ժողովրդի տարբեր մասեր կարող են միաժամանակ տարբեր բաներ պահանջել: Դա ստուգելու միակ ձևը ընտրություններ են»,-ասաց Դանիելյանը:
Պատգամավորը նշեց, որ իր համար արժեքավոր են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պահանջները, ակնկալիքները, զգացմունքները, որ վերաբերում են քաղաքականությանը: «Հատկապես, եթե խոսում ենք այն քաղաքացիների մասին, որոնք այդ պահանջները ներկայացնում են հենց իրենցով, այլ ոչ թե տարբեր հանգամանքներով դրդված»,-ասաց նա:
Նույն խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ իր համար այդ անձինք ժողովրդի մի հատվածն են: