Որեւէ ուժ բարոյական իրավունք չունի ինձ ասելու, որպեսզ լքեմ ԱԺ նախագահի պաշտոնը. ԱՀ ԱԺ նախագահը պաշտոնը զիջելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթներ առաջ տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարավորություն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկյալ արդյունքներով կկարողանան ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն, որը կհամատեղի բոլորի ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության:
Այս համատեսքտում շրջւանառվում էր տեղեկություն, որ Արցախի ՀՅԴ խմբակցության, Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանը փոխարինելու է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
Նկատենք, սակայն, որ եթե մինչ օրս վերոնշյալ լուրը, թեեւ ՀՅԴ-ականների հերքումների, որոշ չափով իրատեսական էր, ապա այժմ` գրեթե բացառվում է: Մասնավորապես արցախյան մեր աղբյուրները փաստում են, որ ՀՅԴ-ն այս պահին որոշել է չքննարկել այդ հարցը, առանցքային անհամաձայնություններ ունենալով Արցախում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ:
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն էլ «Իրավունքի» հետ զրույցում մեկ անգամ եւս ասաց. «Չկա նման բան, ընդամենը խոսակցություններ են: Որեւէ մի ուժ բարոյական իրավունք չունի ինձ ասելու, որպեսզ լքեմ ԱԺ նախագահի պաշտոնը»:
Ապա հավելելով.
- Ես դա կանեմ միայն մեկ դեպքում, եթե այդ մասին ինձ խնդրի ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: