Այսօր արցախցին վիրավորված է անարդար պատերազմից, ոչ թե արկի բեկորներից, որոնք կսպիանան. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան.Iravunk.com
«Արցախը եւ արցախցին առաջին անգամ չէ, որ առնչվում է պատերազմի եւ մարտական գործողությունների է ականատես լինում: Արցախցու մեջ պատերազմ հասկացողությունը ընկալունակ է այնքանով, որքանով որ ինքը մշտապես մարտնչել է թշնամու դեմ: Արցախցու համար այս պահին ավելի ցավալի է այն իրողությունը, որ ինքը չի պատկերացրել եւ շարունակում է չպատկերացնել, թե ինչ եղավ: Արցախցու համար այս պատերազմը արդար չէր, հենց այս անարադարությունն է արցախցուն ավելի շատ ճնշում, քան պատերազմի հետեւանքները»- մեզ հետ զրույցում անդրադառնալով հետպատերազմյան Արցախին, ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդգծելով.
- Այս առումով կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո ամեն բան իր տեղը կընկնի, քանի որ վստահ ենք, որ շուտով նշմարելի կլինեն բոլոր այն երեւույթները, որոնք այսօր արցախցու համար դեռ անհասկանալի են: Հենց այս անորոշությունն է, որ արցախցուն փոքր-ինչ ընկճվելու տեղ է տալիս, դրանից է արցախցին վիրավորված, ոչ թե արկի բեկորներից, որոնք կսպիանան: Արցախցին ուզում է ի վերջո ճիշտ ընկալել, թե իր հողում, իր տան մեջ ինչ տեղի ունեցավ, սա է ողջ խնդիրը: Իսկ գլոբալ առումով արցախցին միշտ հաստակամ է:
