Պնդում եմ` «Իսկանդեր» պատերազմի ժամանակ կրակել է` մնացածի մասով, թե ով եւ ինչու` դա իմ խնդիրը չի.Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան
Մինչ երեկ ողջ համացանցը քննարկում էր Իսկանդերի չպայթելու հարցը, ՌԴ ՊՆ-ն հանդես եկաբ հայտարարությամբ, որ Իսկանդերը չի կրակել ընդհանրապես։ ««Իսկանդեր» հրթիռային համակարգերից ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել: «Ըստ մեր ունեցած օբյեկտիվ եւ հավաստի տեղեկությունների, որը հաստատվել է նաեւ օբյեկտիվ վերահսկողության համակարգով, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մի հատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չի օգտագործվել», նշել է ռազմական գերատեսչությունը» այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ուրեմն ինչպես էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան լրագրողների հետ զրույցում մասնավորապես նշում. ««Իսկանդեր» պատերազմի ընթացքում կիրառվել է, բայց որտեղ՝ չեմ նշի»:
Որի հայտարարությունը, ըստ էության, հաստատեց նաեւ Նիկոլ Փաշինյանը ասելով, որ իսկանդերի 10 տոկոսն է պայթել:
Վերոնշյալ հարցի շուրջ հստակ պատասխան ստանալու ակնկալիքով «Իրավունքը» դիմեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, ով կրկին պնդեց ավելի վաղ ասվածը.
-Ես չգիտեմ, թե ռոջսական կողմը ինչու է նման հայտարարությամբ հանդես եկել, չեմ կարող մեկնաբանել:
- Պարոն Հակոբյան, ամեն դեպքում, փաստացի, ՌԴ ՊՆ-ն հերքեց ինչպես Ձեր, այնպես էլ Փաշինյանի հայտարարությունները Իսկանդերի գործարկման մասին:
- Ձեր առաջ շարքային զինվոր չի չէ՞ կանգնած, որ չճշտված ինֆորմացիա հրապարակի:
-Դե դրա համար էլ հարցնում ենք:
-Ես էլ պատասխանում եմ, եւ պնդում` Իսկանդերը պատերազմի ժամանակ կրակել է: Այսքանը, մնացածի մասով, թե ով, ինչու` դա իմ խնդիրը չի: