Անտուն մնացածների մի մասը հյուրանոցում է ապրում, մի մասը` ծերանոցում, մի տեղ պայմանները լավ են, մի տեղ` վատ.Ստեփանակերտի քաղաքապետ.Iravunk.com
Ստեփանակերտի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներն արդեն 95 տոկոսով վերականգնվել են: Առաջնահերթ խնդիրների շարքում են սեփական տների եւ թիվ 10 դպրոցի վերականգնումը, որը շատ է տուժել, եւ բավական մեծ գումար է պետք:
– Այսօրվա մեր խնդիրն է` ժողովրդին ապահովել բնակարաններով: Անտուն մնացածների մի մասը հյուրանոցում է ապրում, մի մասը` ծերանոցում, մի տեղ պայմանները լավ են, մի տեղ` վատ: Արցախի Հանրապետության նախագահի որոշմամբ` բազմաբնակարան շենքեր են կառուցվելու այդ մարդկանց եւ զոհվածների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Նախատեսում ենք մեծ թաղամասեր կառուցել քաղաքի ծայրամասերում: Խնդիրն այն է, որ մեծ թվով բնակիչներ չեն ուզում շրջաններում ապրել, բոլորն ուզում են քաղաք գալ: Այսօր ունենք մանկապարտեզի խնդիր, իսկ դպրոցները երկու հերթափոխով են աշխատում: Քաղաքի բնակչությունը շատացել է` առաջ 55 հազար է եղել, այսօրվա դրությամբ` 70 հազար մարդ կա: Տարհանված տարածքներից շատ մարդիկ հիմա Ստեփանակերտում են ապրում: