Լավրով. Բաքուն և Երևանն Անդրկովկասի տրանսպորտային հանգույցի միջոցով կարող են բարելավել հարաբերությունները
Հարավային Կովկասում տրանսպորտային հանգույց ստեղծելու հետ կապված հարցերը Ղարաբաղում վերջին պատերազմից հետո կբարելավեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները: Նման վստահություն է նախօրեին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմամբ: Կարծում ենք, որ ձգձգված հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների վրա կենտրոնանալու ուղղությամբ համատեղ աշխատանքը կստեղծի դրա օպտիմալ շրջանակը», - ասել է Լավրովը:
Ըստ նրա՝ մարդիկ պետք է զգան, որ ղարաբաղյան հակամարտության շրջանում իրավիճակի իրական բարելավում կա:
«Երեք փոխվարչապետներ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի, երեք երկրների ղեկավարների կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում պարբերաբար հանդիպում են, քննարկում գործնական ասպեկտներ՝ կապված Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների պայմանավորվածության հետ: Սա պոտենցիալ շատ լուրջ տրանսպորտային հանգույց է, որը նշանակություն կունենա՝ տարածաշրջանային շրջանակներից դուրս», - նշել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարը: