Եթե ուզում ենք, որպեսզի մեր երկիրը հայրենիք մնա, ոչ թե տարածք՝ պետք է միասնական լինենք. Սյունյաց թեմի առաջնորդ
<<Սյունեցիները իհարկե մտահոգ են, անորոշությունն է շատ մարդկանց ընկճում, բայց ընդհանուր առմամբ սյունեցին անկոտրում է, սյունեցին պարտվել չգիտի: Սյունեցին վախեցողը չէ, ինչ էլ լինի սյունեցին անվախ է, մի թիզ անգամ հող չենք զիջելու թշնամուն դա թող բոլորը իմանան>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին, ասաց ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀ ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ընդգծելով.
-Սյունիքում ստեղծված իրավիճակը պատկան մարմինների՝ իշխանություն կլինի, բանակ կլինի, սահմանապահ զորքեր կլինի, չգիտեմ՝ իրենց բացթողման արդյունքն է, իրենք տիրություն չեն արել սահմաններին, թշնամին էլ հանգիստ եկել տեղակայվել է: Հիմա պետք է բոլոր ջանքերը միավորենք, մի բռունցք դառնանք, որպեսզի կարողանանաք մեր երկրի տերը լինել, չթողնենք ներխուժեն մեր հայրենիք: Ընթացքը կախված է մեզանից:
-Տեր Մակար, Դուք պարբերաբար հանդիպում եք մեր զինվորներին, ինչպիսի՞նն է նրանց մարտական ոգին այսօր:
-Այո, շփվում եմ զինվորակաների հետ եւ միշտ եմ շփվել, որովհետեւ իմ համար ազգիս նվիրյալ զավակները առաջին հերթին զինվորներն են, սպաները: Այո, եղել եմ նաեւ այն վայրերում որտեղ խնդիրներ կան, եւ այ՛ո մեր զինվորները պատրաստ են պահել եւ պահպաննել մեր երկիրը, մեր սահմանների տերը լինել: Հայ զինվորը ուժեղ է, ոչ ոքից չի վախենում եւ մարտական ոգին էլ առավել քան անկոտրում է այսօր:
-Տեր Մակար, այս ծանր իրաիճակում էլ, ցավոք, մենք տեսնում ենք պառակտված հասարակություն՝ ինչո՞ւ:
-Լավ կլինի, որ բոլորս հասկանանք , որ հայ ենք, եւ մեկս մյուսի մեջ թշնամի ման չգանք: Դա ամենամեծ վտանգն է, որ սերմանվել է մեր մեջ, մենք իրավունք չունենք պառակտվելու, բայց նաեւ իրավունք էլ չունենք վատը չմատնանշելու, պետք է սխալները վեր հանելով հասնենք ճիշտ ճանապարհին: Մենք սկսել ենք մեկս մյուսի մեջ թշնամի փնտրել, բայց արտաքին թշնամին ավելի զորավոր մեր առջեւ կանգնած է:
Հիմա մեզ միայն համախմբումը կփրկի, իսկ պառակտող ուժեր միշտ էլ եղել են, ովքեր ֆինանսավորվել են դրսից: Մենք պետք է պայքարենք, որպեսզի չպառակտեն մեր ազգը, լինենք միասնական, որպեսզի մեր երկիրը հայրենիք մնա, ոչ թե տարածք:
