Նուշիկյանի համար թշնամու հետ միանգամից բարեկամանալը շատ դժվար պատկերացնելի, բայց ցանկալի գաղափար է
ԱԺ նախկին պատգամավոր Գարգեին Նուշիկյանը որոշել է այլեւս քաղաքականությամբ չզբաղվել: «Հիասթափվել եմ քաղաքականությունից ու քաղաքականությանը վերաբերող հարցերի էլ չեմ պատասխանում»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց նախկին պատգամավորը (ով, ի դեպ, քաղաքականության մեջ եղած ժամանակ էլ առանձնապես չի փայլել քաղաքական գործունեությամբ): Հարցին` այնուամենայնիվ, ինչպե՞ս է վերաբերվում ներկայիս ներքաղաքական իրավիճակին, մեր զրուցակիցը կրկին խուսափողական պատասխան տվեց` ասելով.
- Ասացի չէ, ես զբաղվում եմ գործարարությամբ, բիզնեսով: Ներկայիս քաղաքական իրավիճակին չեմ հետեւում, կարող եմ միայն ասել, որ պետք է գտնել ճանապարհներ` խոչընդոտները վերացնելու համար: Մենք գտնվում ենք շատ ծանր, լարված ժամանակաշրջանում, եւ հիմա առավել քան երբեւէ մեզ միասնականություն է հարկավոր: Եվ, կարծում եմ, որ ներկայիս իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հարցը լուծեն, որովհետեւ հիմա մեզ համար շատ կարեւոր է ներքին կայունությունն ու փոխվստահությունը, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այն մարտահրավերներին, որոնք առաջիկայում կլինեն:
- Պարոն Նուշիկյան, ինչպե՞ս եք վերաբերվում մասնավորապես թուրքական սահմանի ապաշրջափակմանը եւ մեր թշնամի Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծելուն:
- Ընդհանուր առմամբ, ապաշրջափակմանը նայում եմ նորմալ, նայած, թե ինչ պայմաններով ու ոնց: Եթե դա ուղղակի ապաշրջափակում է մեր հարեւանների կողմից որոշակի երաշխիքների առկայության պարագայում, ապա շատ նորմալ եմ նայում: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ կոնտեքստին, ապա Դուք Ձեր խոսքում նշեցիք` թշնամի, ինչը ենթադրում է, որ թշնամու հետ միանգամից բարեկամանալը շատ դժվար պատկերացնելի եւ ընկալելի է, բայց ցանկալի գաղափար է: