Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. Իրանագետ
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Գարիկ Միսակյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ։
ԻՀՊԿ ուժերի կողմից Արդաբիլ քաղաքից օդ են բարձրացվել հետախուզական բնույթի ԱԹՍ-ներ, ինչպես նաև կիրառվել են Իրանի նորագույն Qods Mohajer-6 ԱԹՍ-ները, որոնք ունակ են 200 կմ ժամ արագություն զարգացնել և ունեն 2000 կմ առավելագույն հեռահարություն, ինչպես նաև զինված են հեռակառավարվող և լազերային հակատանկային հրթիռներով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թավիրզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշտգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները»։